ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մեծ ֆուտբոլ

Մեծ ֆուտբոլ
10.04.2012 | 00:00

ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը մտադիր է Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկության մեջ ընդգրկվելիք ակումբների թիվը հասցնել վաթսունչորսի` լուծարելով Եվրագավաթի (Եվրոպայի լիգայի) խաղարկությունը: Համաձայն Bild-ի` ամեն ինչ արվում է բարեփոխումը «Մրցաշրջան 2016-2017»-ի նախաշեմին ավարտին հասցնելու համար:

Ո՞րն է նման փոփոխության պատճառը, ինչո՞ւ է ՈՒԵՖԱ-ն դիմում այս քայլին, և արդյո՞ք բարեփոխումները նախապատմություն ունեն:


Ակնհայտ է, որ ամեն ինչով գրավիչ Չեմպիոնների լիգայի կողքին Եվրոպայի լիգայի խաղարկությունը եղել է, կա և շարունակում է մնալ ինչպես ակումբների, այնպես էլ մասնագետների մշտական քննադատության թիրախի առարկա: Խնդիրն այնքան նուրբ է, որ այն բնավ էլ միանշանակորեն չի կարելի բացատրել հարցի զուտ ֆինանսական կողմով, թեպետ սա էլ պակաս վճռորոշ գործոն չէ: Հանուն ճշմարտության պիտի խոստովանել, որ խնդրո առնչությամբ, հակառակ Եվրոպայի լիգայի կարգավիճակը բարձրացնելուն միտված ՈՒԵՖԱ-ի ջանքերին, այն շարունակում է ծախսատար մնալ, չի ապահովում ֆինանսական ակնկալված եկամուտ, պակաս հրապուրիչ է հեռուստաընկերությունների համար:

Զանգվածային բարենորոգիչ քայլերի ՈՒԵՖԱ-ն վերջին անգամ դիմել է «Մրցաշրջան 1999-2000»-ին: Այն ժամանակ դա արվեց եվրոպական ֆուտբոլային մեծ տերությունների ճնշման տակ, որոնք, միավորվելով «G-14» կազմակերպության մեջ, սպառնում էին անցկացնել Միությունից անկախ իրենց սեփական սուպերլիգայի խաղարկությունը: «Ըմբոստության» դեմն առնելու համար այն ժամանակ ՈՒԵՖԱ-ն հարկադրված եղավ հաշվի նստել ֆուտբոլային տերությունների կամքի հետ ու գնալ ինչպես Լիգայի ընդլայնման, այնպես էլ առաջնության ձևաչափի փոփոխության: Զուգահեռաբար ընդլայնվեց նաև ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության մասնակից թիմերի կազմը: Գավաթակիրների գավաթի խաղարկությունը վերացվեց, այն վերանվանվեց Եվրոպայի լիգա, թեպետ այստեղ շարունակեցին խաղալ երկրների ներքին առաջնությունների գավաթակիր թիմերը: Չնայած այս բոլոր փոփոխություններին` Եվրոպայի լիգան իր հեղինակությամբ այդպես էլ չկարողացավ հասնել Չեմպիոնների լիգային, մի շարք թիմերի ու հատկապես մեծ հնգյակի ֆուտբոլային տերությունների համար շարունակեց մնալ պարտադրված բան:

Եվրոպական ֆուտբոլին ի՞նչ է տալու այս բարեփոխումը: Նախ` ֆուտբոլային մեծ տերությունների պահանջների բավարարում, որոնք հնարավորություն են ստանում առաջնությանը մասնակցելու մինչև վեց թիմով: Երկրորդ` Լիգայի խաղերին մասնակցելու հնարավորություն են ստանում նաև երկրների գավաթակիրները: Միշել Պլատինիի համոզմամբ, այս քայլը երկրների ներսում կբարձրացնի գավաթի համար պայքարի արժեքը (համաձայն մտահղացման` Լիգայի առաջնությանը նրանց հնարավորություն կտրվի մասնակցելու play off-ի փուլից):

Սակայն այս բարեփոխումներով Պլատինիի կազմակերպությունը ֆուտբոլային փոքր տերությունների ակումբների առջև էլ է եվրոպական ֆուտբոլային մեծ մենահամերգի դռները բացում: Ազնի՞վ քայլ է: Հարկավ, եթե մի պահ մոռանանք, որ սա ինչ-որ տեղ վարձահատույց լինելու պես մի բան էլ է նշանակում: Ի վերջո, արևելաեվրոպական երկրների ֆուտբոլային կազմակերպությունների դերն այնքան էլ փոքր չէր ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում Պլատինիի ընտրվելու հարցում: Այնպես որ, ձևափոխելով հանրահայտ արտահայտությունը, կարելի է ասել` կա պարտք վերցնելու ժամանակ, կա նաև պարտքը վերադարձնելու ժամանակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ